Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոդվածներ

Հայաստան Լեհաստան համագործակցություն
19:15 25/06/2013 » ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթեր են ստորագրվել. ՀՀ նախագահը Լեհաստանում է 


Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Տեղեկացնենք, որ նախկին սոցիալիստական երկրներից առավել արդյունավետ անցում ապահովված երկրի` Լեհաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կրում են կանոնավոր բնույթ: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին: Դրանք Հայաստանի անկախությունից ի վեր դինամիկ ընթացք են ունեցել` ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, գիտակրթական, մշակութային և մյուս ոլորտները:

Նախորդ երկու տասնամյակների ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ փոխայցելություններ են եղել: Մասնավորապես, 1999-ին և 2004-ին Լեհաստան է այցելել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը 2011-ին Վարշավայում մասնակցել էր «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին: Լեհաստանի նախագահներ Ալեքսանդր Կվասնևսկին և Բրոնիսլավ Կոմորովսկին Հայաստան են այցելել համապատասխանաբար 2001-ին և 2011-ին: 2005-ին Վարշավան հյուրընկալել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, իսկ 2010-ին Հայաստան էր ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Լեհաստան երեք անգամ այցելություն են կատարել նաև ՀՀ ԱԺ նախագահները` Արթուր Բաղդասարյանը 2004-ին, Հովիկ Աբրահամյանը 2009-ին ու 2010-ին: Արտգործնախարարների ու բարձրաստիճան այլ դիվանագետների մասնակցության փոխայցելությունները կրել են մշտական բնույթ:

Երկու երկրների միջև ձևավորված իրավա-պայմանագրային բազան, մինչ նախագահ Սարգսյանի ընթացիկ այցը, ներառում էր շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, որոնք վերաբերում են կյանքի ամենատարբեր ոլորտների` քաղաքականություն, տնտեսություն, գիտություն, մշակույթ, կրթություն և այլն:

Նշենք նաև, որ վերջին տարիներին դինամիկ զարգանում են երկկողմ առևտրատնտեսական կապերը: Դրանց ծավալը 2012 թվականի առաջին երեք եռամսյակների կտրվածքով կազմել է մոտ 27.6 մլն դոլար, որից 27.3 մլն-ը ներմուծումը Լեհաստանից:



Աղբյուր` Panorama.am
Կատեգորիա: Հոդվածներ | Ավելացրեց: ArmPol (22.09.2013)
Դիտումներ: 737 | Տեգեր: ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԼԵՀԱՍՏԱՆ, Հայաստան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0