Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն

Զդիսլավ Ռաչինսկի. Հայաստանը պետք է համոզի ԵՄ-ին, որ վստահելի գործընկեր է
Նոյեմբերի 30-ին Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ավարտեց իր առաքելությունը Հայաստանում եւ մեկնեց Երեւանից: Մեկնելուց առաջ նա հարցազրույց տվեց Մեդիամաքս-ին:

- Պարոն դեսպան, դուք ավելի քան չորս տարի անցկացրիք Հայաստանում: Ինչպե ՞ս կգնահատեք այս ընթացքում Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված քաղաքական երկխոսությունը:

- Ներկայումս հայ-լեհական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հայաստանի անկախացումից ի վեր սա մեր երկկողմ հարաբերությունների, շփումների ամենաակտիվ շրջանն է: Հայ-լեհական հարաբերությունները ես հաճախ բնորոշում եմ որպես «հասուն գործընկերություն», որը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Հայաստանն ու Լեհաստանը, որպես հասուն գործընկերներ, գիտեն, թե ինչ ակնկալիքներ ունեն միմյանցից: Մեր երկրների առաջնորդների միջեւ ձեւավորվել է փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտ: Հայ եւ լեհ ազգերի պատմական ճակատագրի հետ կապված ընդհանրությունները եւս հավելյալ խթան են մեր հարաբերությունների համար: Դրանք թույլ են տալիս մեզ ավելի ճիշտ ընկալել եւ հասկանալ միմյանց: Այսօր Լեհաստանը Հայաստանի ամենաակտիվ եւ նվիրված եվրոպական գործընկերներից է՝ հատկապես քաղաքական երկխոսության տեսանկյունից:

Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Իսկ ինչպե՞ս են զարգացել երկկողմ տնտեսական կապերը:

- Վերջին հինգ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական շրջանառության ծավալները կրկնապատկվել են: Ծավալներն, իհարկե, մեծ չեն` տարեկան մոտ 50 միլիոն եվրո, սակայն մեծ արդյունքներ ակնկալել պետք չէ` հաշվի առնելով Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հեռավորությունը եւ այլ հանգամանքներ:

Կարծում եմ` մեզ ավելի շատ անհրաժեշտ է աշխատել ոչ այնքան արտահանման եւ ներկրման ծավալների մեծացման, որքան հայ-լեհական համատեղ արտադրության խթանման ուղղությամբ: Ես մեծ հետաքրքրությամբ եմ հետեւում Հայաստանում լեհական երկու խոշոր ընկերությունների գործունեությանը: PWPW (Polish Security Printing Works) ընկերությունը Հայաստանի համար պատրաստում է կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրեր: Վերջերս բացվեց հայ-լեհական համատեղ առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը`«Լյուբավա Արմենիա»-ն, որը զրահաբաճկոններ, սաղավարտներ, վրաններ է արտադրում: Եթե այս երկու ընկերությունները կարողանան հաջողությամբ աշխատել հայկական շուկայում, կարծում եմ, որ դրանց փորձը օրինակելի կլինի եւ հետաքրքրություն կառաջացնի լեհ գործարարների շրջանում: Ընդհանուր առմամբ, ես մեկնում եմ Հայաստանից այն համոզմամբ, որ հայ-լեհական տնտեսական, մշակութային համագործակցության ամրապնդման համար հնարավոր ամեն ինչ արվել է:

- Պարոն դեսպան, շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը եւ դրա արդյունքում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը անակնկալ էր ԵՄ երկրների համար եւ հիասթափության մեծ ալիք առաջացրեց նրանց շրջանում:
Ինչպե ՞ս է Հայաստանի նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը ընկալվել Լեհաստանի կողմից:

- Նախ թույլ տվեք ասել, որ Լեհաստանի համար Հայաստանը տարածաշրջանում կարեւոր գործընկեր է, եւ մենք վստահ էինք, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը կարագացնի Հայաստանում բարեփոխումների եւ տնտեսության արդիականացման ընթացքը: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ սեպտեմբերի 3-ի որոշումը հիասթափություն առաջացրեց կամ անակնկալ էր: Հայաստանի նախագահը դեռեւս 2013թ. հունիսին Լեհաստան կատարած այցի ընթացքում շատ հստակ շեշտադրւմներ էր արել այս հարցի հետ կապված, ինչից հետո մենք` Լեհաստանը, այլեւս կասկած չունեինք, որ Հայաստանը չի միանա ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն, քանի որ դրան ընդդիմանում է Ռուսաստանը: Մենք զերծ ենք մնում գնահատական տալուց, արդյո՞ք դա լավ է, թե վատ: Սա զուտ փաստերի շարադրում է: Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ եւ' պատմությամբ, եւ' անվտանգությամբ, եւ' տնտեսությամբ:

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր գործընկերն է եւ այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ընկալել որպես աշխարհաքաղաքական խաղ, ամեն ինչ ակնհայտ դարձավ: Հայաստանի եւ Ռուսաստանի փոխկապակցվածությունը շատ մեծ է, եւ ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող դեմ դուրս գալ Մոսկվային եւ կորցնել վերջինիս աջակցությունը:

Պետք է հասկանալ, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ չի սկսվում տվյալ երկրի անդամակցությունը ԵՄ-ին: Այն սկիզբ է դնում բարեփոխումներին եւ վերափոխում է երկիրը ԵՄ անդամ-երկրների զարգացման մոդելով: Դա տեղի է ունեցել Լեհաստանի հետ: Մեր օրինակով մենք համոզվեցինք, որ դա լավ ճանապարհ է Լեհաստանի համար, սակայն ոչ մեկը չի կարող զարգացման իր մոդելը պարտադրել այլ երկրին: Հայաստանն իր համար այլ ճանապարհ է ընտրել, եւ մենք այդ ընտրությանը միանգամայն ըմբռնումով ենք մոտենում:

Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Ձեր կարծիքով, այդ որոշումից հետո ինչ է փոխվել Հայաստան –ԵՄ հարաբերություններում:

- Մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխել: Հայաստանը շարունակում է Եվրոպայի համար արեւելյան գործընկեր մնալ: Հարաբերությունների որակը չի փոխվել, փոխվել են հանգամանքները: Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից հետո ԵՄ-ի հետ հավասարակշռված եւ փոխլրացնող քաղաքականության ձգտող երկրների մանեւրումների դաշտը խիստ նեղացել է: Կարելի է ասել, որ այն հիմա իսպառ բացակայում է, եւ այս գործոնը չի կարող դրական անդրադառնալ Հայաստանի եւ ԵՄ համագործակցության վրա: Մեր ամենագլխավոր մտահոգությունն այն է, որ այժմ, երբ Վրաստանն ընթանում է եվրաինտեգրման ուղիով, իսկ Հայաստանը շարժվում է դեպի ԵՏՄ, երկու հարեւանների միջեւ խորանում են տարբերությունները, ինչը կարող է անտեսանելի պատնեշի վերածվել: Սա է վտանգը, որից մենք ցանկանում ենք խուսափել: Ցանկանանք դա, թե ոչ, սակայն փաստ է, որ այսուհետ ԵՄ-ն, որը բազմաթիվ մարտահրավերների է առերեսվում, ավելի մեծ ուշադրություն է հատկացնելու «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով առաջնորդվող արեւելյան գործընկերներին: ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին երկու տարում չեն փոխվել, փոխվել է իրավիճակը:

- Հայաստանը ցանկանում է ԵՄ-ի հետ սկսել վիզայի ռեժիմի վերացման վերաբերյալ բանակցությունները: Ձեր կողմից նկարագրված իրավիճակից ելնելով, որքանո՞վ եք դա հնարավոր համարում:

- Լեհաստանը միշտ կողմնակից է եղել, որ Վրաստանի հետ վիզայի ռեժիմի վերացումը տեղի ունենա Հայաստանի հետ միաժամանակ: Սա է մեր դիրքորոշումը: Սակայն Հայաստանն իր որոշ գործողություններով չի հեշտացնում մեր գործը, եւ երբեմն հայտնվում է հպարտ միայնության մեջ: Խոսքն, օրինակ, Ղրիմի բռնազավթումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման օրինակ ներկայացնելու մասին է: Նման փորձերը բացասական են անդրադառնում ԵՄ երկրների հետ փոխհարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա: Իմ կարծիքով, Հայաստանը պետք է համոզի Բրյուսելում իր գործընկերներին, Եվրոպական հանձնաժողովին նոր ղեկավարությանը, որ Հայաստանը Եվրամիության վստահելի գործընկերն է այս կարեւոր տարածաշրջանում:

- Դուք հեռանում եք Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բավական լարված ժամանակահատվածում: Հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր այս տարի արձանագրված լարվածությունն աննախադեպ էր: ԵՄ-ին հաճախ մեղադրում են Ադրբեջանի սպառազինումը եւ ռազմական հռետորաբանությունը անտեսելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սպառազինությունների մրցավազքն այս տարածաշրջանում իրոք վտանգավոր է, քանի որ ձեռք բերված զենքը մեկ օր կրակելու է: Սա վտանգում է երկրների տնտեսությունը, եւ այդ երկրներին կախվածության մեջ գցում զինամթերք մատակարարող երկրներից: Մենք լավ գիտենք, թե ով է զենք վաճառում ԼՂ հակամարտության երկու կողմերին եւ ով ինչ նպատակներ է հետապնդում: Սա արդարացվում է այն հանգամանքով, թե իբր այդ մատակարարը փորձում է պահպանել ուժերի հավասարակշռությունը, բայց չէ որ դա կարելի է անել ավելի փոքր ծավալներով: Պարտադիր չէ կողմերին, օրինակ, 500 տանկ վաճառել, կարելի է վաճառել 50-ը: Հակամարտության գոտում իրավիճակի լարումը եւ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է տեղի ունենալ առաջին հայացքից աննշան թվացող սահմանային կրակահերթերից: Այս ամենը, իհարկե, մտահոգում է Եվրամիությանը, սակայն, եթե անկեղծ խոսենք, այժմ ԵՄ-ն այսօր ավելի կարեւոր մարտահրավերների առջեւ է կանգնած, եւ այդ պատճառով Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի խնդիրը այս պահին երկրորդական կարեւորություն ունի: Մինչդեռ Հարավային Կովկասը նմանվում է «վառոդի տակառի»:

Զդիսլավ Ռաչինսկու հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Աղբյուրը: https://www.facebook.com/armpol.do.am
Կատեգորիա: Համագործակցություն | Ավելացրեց: ArmPol (04.12.2014)
Դիտումներ: 870 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0