Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոդվածներ

Չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք փոխել ապագան. ՀՀ–ում Լեհաստանի դեսպան
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ չնայած Հայաստանն անդամակցում է ԵՏՄ–ին, ԵՄ–ն իր Արևելյան գործընկերության ծրագրով Հայաստանին առաջարկում է առանձնահատուկ, արտոնյալ հարաբերություններ։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին՝ նա նշում է, որ Լեհաստանում ամենաբարձր գնահատանքով ու հարգանքով են ընդունել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ ՀՀ պատմական քայլը:

- Եվրոպան մշտապես ողջունել է ինտեգրացիոն գործընթացները՝ համարելով, որ որքան շատ լինեն դրանք, այնքան երկրներն ու հենց Եվրոպան ավելի ուժեղ կլինեն: Այսօր, երբ Հայաստանն արդեն ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին՝ դուրս մնալով եվրոպական ինտեգրացումից, Դուք համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում: Արդյո՞ք իրատեսական է Հայաստանի կողմից վարվող քաղաքականության «Ե՛վ, և»-ի մեխանիզմը:

– Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոպական միությունը հարավի և արևելքի իր 16 հարևան երկրների հետ կառուցում է գործընկերային և համագործակցային հարաբերություններ, որոնց նպատակն է անվտանգության, կայունության և բարեկեցության ամրապնդումը:Եվրոպական հարևանության քաղաքականության մի մասն էլ Արևելյան գործընկերությունն է, որն ընդգրկում է ԵՄ արևելյան հարևան վեց պետությունները, այդ թվում նաև Հայաստանը: Եվրոպական միությունն իր արևելյան հարևաններին առաջարկում է առանձնահատուկ, արտոնյալ հարաբերություններ: Դրանք նախատեսում են քաղաքական համագործակցություն, տնտեսական ինտեգրացիայի խորացում, անհատական տեղաշարժի դյուրացում, ինչպես նաև միջանձնային շփումների ինտենսիվացում, այդ թվում ուսանողական-գիտական փոխանակումներ, մշակութային և ինքնակառավարման ոլորտների համագործակցություն և այլն: Թե որքան ինտենսիվ կլինի այդ համագործակցությունը, կախված է գործընկեր պետություններից` համաձայն «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի: Որքան ավելի է Արևելյան գործընկեր երկիրը ներգրավվում ԵՄ-ի հետ փոխգործակցության մեջ, այդքան ավելանում է Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական ներգրավվածությունը:

Արևելյան գործընկերության երեք երկրներ` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, որոշեցին ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրեր ստորագրել: Այսպիսով, ակնհայտ է, որ այդ երեք երկրների հետ համագործակցությունը կլինի առավել ինտենսիվ: Դա, բնականաբար, չի նշանակում, որ ԵՄ-ն չի համագործակցելու մյուս երեք գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Ընդհակառակը, այդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում Բելառուսի և Հայաստանի հետ, որոնք որոշել են ներգրավվել այլ ինտեգրացիոն խմբավորման մեջ` հրաժարվելով Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շրջանակներում տնտեսական ինտեգրացիայից, և որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են, ԵՄ-ն փնտրելու է հնարավոր համագործակցության ոլորտներ` գնահատելով դրանց նշանակությունը ողջ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների շահերի իրականացման համար:

– Ո՞րն է այսօր Եվրոպայի և Ձեր երկրի դերը Կովկասյան տարածաշրջանում: Այս համատեքստում. ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի Ադրբեջանի և Թուրքիայի փոխհամաձայնեցված շրջափակմանը:

– Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության համար: Դա կարևոր տարածաշրջան է ինչպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այնպես էլ ածխաջրածինների արդյունահանման ու Կենտրոնական Ասիայի հետ տրանզիտային ճանապարհ ապահովելու առումով: Կարևոր է նաև Հարավային Կովկասի գեոստրատեգիկ դերը երեք մեծ ուժային կենտրոնների միջև` Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի: Եվրոպական միության շահերին համապատասխանում է, որ սա լինի կայունության, անվտանգության և այստեղ գտնվող պետությունների հետ համագործակցության պատրաստ տարածաշրջան: Լարվածությունն ու հակամարտությունը տարածաշրջանում, փակ սահմանները, ինչպես նաև ժողովրդավարության պակասուրդը կամ իրավական ինստիտուտների անկատարությունը հավասարապես խանգարում են տարածաշրջանի պետությունների զարգացմանը և բարդացնում նրանց համագործակցությունն այլ երկրների հետ:

Եվրոպական միությունը տարածաշրջանի երկրներին առաջարկում է աջակցություն, այդ թվում նաև ֆինանսական, տնտեսական և հասարակական զարգացման համար, ժողովրդավարական փոփոխությունների և արդյունավետ կառավարման ինստիտուտների արմատավորման համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ, այլ ժողովուրդների քաղաքական և տնտեսական համայնք, որոնք բոլորն էլ կրում են միության համար ընդհանուր արժեքները: Դրա համար էլ այն հիմնական մեխանիզմը, որով ԵՄ-ի օժանդակությունը հասնում է գործընկերներին լավ փորձառությամբ և նմուշներով կիսվելն է, գործընկեր երկրներում այնպիսի ծրագրեր իրականացնելը, որոնք ուղղված են զարգացմանը: ԵՄ-ն այնպիսի կառույց չէ, որն ստիպում է որևէ բան անել: Ներգրավված պետություններից է կախված իրար միջև լավ հարաբերություններ ունենալու հարցը, իսկ ԵՄ-ի ներգրավվածությունը պետք է նպաստի կառուցողական վերաբերմունք և վարքագիծ ձևավորելուն:

– Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ կապերի ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Մասնավորապես մշակույթի, տնտեսության, բիզնեսի, կրթության ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի միջև ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել ապագայում:

– Անցած հինգ տարիները Լեհաստանի և Հայաստանի միջև աննախադեպ ինտենսիվ համագործակցության ժամանակաշրջան էին: Սկսած ամենաբարձր մակարդակում քաղաքական երկխոսությունից, և դրանց թվում երկու երկրների նախագահների պետական փոխայցելությունները ու այն ժամանակ վարչապետ Դոնալդ Տուսկի այցելությունը Երևան, մինչև մշակութային համագործակցություն, կապեր քաղաքների, տարածաշրջանների և կրթական հաստատությունների միջև…և մինչև տնտեսական համագործակցություն: Երկու մեծ լեհական ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ առևտրաշրջանառության արժեքն այդ ժամանակահատվածում մոտավորապես կրկնապատկվել է: Կիրառելով հայ դիվանագետներից մեկի դիպուկ ձևակերպումը` նշենք, որ ԵՄ-ի երկրներից հենց Լեհաստանի հետ են Հայաստանի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում եղել առավել ինտենսիվ: Ներկայում խոսքն այն մասին է, որ բոլոր դրական միտումները արմատավորվեն և ամուր հիմք դառնան Լեհաստանի և Հայաստանի հարաբերություններում: Առաջիկա մի քանի տարիների համար ամենակարևոր խնդիրը երկկողմ հարաբերություններում, կարծում եմ, տնտեսական համագործակցության ընդլայնումն է, ինչպես նաև բաց և խորը քաղաքական երկխոսության պահպանումը: Շատ հայ գործընկերներ դեռևս պետք է բացահայտեն Լեհաստանը, հասկանան նրա տեղն ու դերը Եվրոպական միությունում:

– Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվրոպական երկրներն ասում են, որ իրենք արդեն հաղթահարել են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների հետևանքները, մինչդեռ Հայաստանը Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառով դեռևս չի հաղթահարել 1-ին աշխարհամարտի հետևանքները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիան Ցեղասպանության տարելիցին ընդառաջ, և, նախևառաջ, ներողություն պե՞տք է խնդրի:

– Եվրոպան հաղթահարել է վերջին համաշխարհային պատերազմի հետևանքները` ստեղծելով աշխարհի մասշտաբով և պատմության մեջ բացառիկ քաղաքական և տնտեսական համայնք: Դրա հիմքը, ինչպես արդեն նշել եմ, ԵՄ-ն կազմող բոլոր պետությունների և ժողովուրդների համար ընդհանուր արժեհամակարգն է, ժողովրդավարական կարգը և անհատի իրավունքների հարգումը: Անցյալի ողբերգական փորձառության հաղթահարման համար եվրոպացիները հրաժարվել են փոխադարձ պահանջներից` դաստիարակելով նոր սերունդը խաղաղության ոգով և խաղաղության համար, իսկ փոխզիջումը դարձրել են համաձայնագրերի հիմք և հակասությունների հաղթահարման միջոց: Քաղաքական գործընթացներին զուգահեռ ընթանում էին հաշտեցման երկարատև գործընթացներ, չնայած փոխադարձ սխալների զգացումը երկկողմ հարաբերություններում, ինչպես օրինակ Լեհաստանի և Գերմանիայի կամ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև, հսկայական էր: Հնարավոր չէ հրաժարվել անցյալից, ոչ էլ այն մոռանալ: Մեծ լեհ բանաստեղծ Զբիգնև Հերբերտը, ում երակներում նաև հայկական արյուն էր հոսում, կրկնում էր. «Այն ժողովուրդը, որը կորցնում է հիշողությունը, կորցնում է խիղճը»: Բայց չի կարելի նաև դառնալ անցյալի գերին: Չի կարելի անընդհատ խորհել անցած հզորության կամ ողբերգության մասին, սնվել միայն անցյալի փառքով և ապրել միայն մահացածներին հիշատակելու համար: Կաթողիկոս Գարեգին Առաջինը հաճախ հիշեցնում էր Աբրահամ Լինկոլնի բառերը. «Այն հողը, որը ձեռք ենք բերել, մահացածների համար չէ, այլ կենդանիների»:

Հիշելով անցյալի մասին` պարտավոր ենք կարողանալ վերծանել ժամանակաշրջանի նշանները, որոնք առկա են հիմա: Պարտավոր ենք մտքով և երևակայությամբ կարողանալ առաջ անցնել դեպի ապագա: Պետք է կարողանանք ռիսկի դիմել ու անել բաներ, որոնք երբեք չեն արվել, մարտահրավեր նետել բաների, որոնց ոչ ոք երբեք մարտահրավեր չէր նետել: Չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք փոխել ապագան: Չենք կարող փոխել աշխարհագրությունը, սակայն կարող ենք փոխել աշխարհաքաղաքականությունը:

Մեղքի ճանաչումը, զղջումը, ներում հայցելը բարոյական ամենաբարձր պատասխանատվության քայլեր են, այնպիսի քայլեր, որոնց յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր հանրույթ ինքը պետք է հասնի, դրանց համար պետք է հասունանալ: Յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է անցնի սեփական պատմությունը հասկանալու, ընդունելու և դրա հետ հաշտվելու սեփական ճանապարհը, որքան էլ բարդ լինի այն ընդունելը: Իրենք իրենց են խաբում նրանք, ովքեր կարծում են, որ պատմության ճշմարտությունից հնարավոր է փախչել` այն լռության մատնելով կամ փորձելով այն հարաբերական դարձնել:

Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, որ մեղքերի թողությունը հնարավոր է պարտադրել:
Հենց այդ պատճառով էլ իմ երկրում ամենաբարձր գնահատանքով ու հարգանքով են ընդունել Հայաստանի Հանրապետության նախագահի համարձակությամբ և քաղաքական երևակայությամբ նախաձեռնած՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատմական քայլը: Հայերի կողմից հաշտեցման քայլ կատարելու ջանքը նրանց մեծահոգության և համարձակության ապացույցն է: Հարկ է շարունակել այդ ջանքերը` հանուն Եվրոպայում այսօր հիմք գցած կանոնների նման նույնական կանոնների ձևավորման և հանուն ապագա սերունդների:


Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Աղբյուրը: http://www.tert.am/am/news/2014/11/17/armenia-poland-ambassador/?sw
Կատեգորիա: Հոդվածներ | Ավելացրեց: ArmPol (17.11.2014)
Դիտումներ: 910 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև
Մեր հարցումը
Ինչ եք կարծում Հայ-Լեհական կապերի զարգացման մասին
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Փոխարժեքներ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0