Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն |
400 մլն դրամի ներդրում՝ հայ-լեհական ռազմարդյունաբերական ընկերությունում
400 մլն դրամի ներդրում՝ հայ-լեհական ռազմարդյունաբերական ընկերությունում Posted on Հունիս 19, 2014 by Գարիկ Հարությունյան | 3 Comments Կառավարությունը հաստատել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն Հայաստանը՝ շուրջ 406,65 մլն դրամի ներդրում է անելու հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ ակնկալելով լեհական կողմի համապատասխանաբար շուրջ 10 մլն ամերիկյան դոլարի ներդրումներ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը: «Lubawa Armenia»-ի արտադրած վրաններից «Lubawa Armenia»-ի արտադրած վրաններից Որոշման համաձայն՝ ՀՀ ՊՆ-ն՝ որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս բաժնեմասի կառավարիչ, գործարանի 406,65 մլն դրամի գույք (վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) անհատույց փոխանցելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որն էլ գույքը կապիտալի տեսքով ներդնելու է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում, որի հաշվին կիրականացվեն արտադրությունը նախապատրաստելու և կազմակերպելու միջոցառումներ: Նախատեսվում է, որ «Չարենցավանի հաստոցաշինական գործարանի» գույքի փոխանցումը հայ-լեհական համատեղ ձեռնարկությանը չի ազդի հաստոցաշինական գործարանի հիմնական գործունեության՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների վրա: Հայկական կողմի ներդրման դիմաց լեհական կողմը տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, տեխնոլոգիայի ձեռքբերման, կադրերի պատրաստման, արտադրության կազմակերպման և շինարարական աշխատանքների համար պետք է կատարի ևս 8 մլն ամերիկյան դոլարի ներդրում: Ընդ որում՝ 2013-ի օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը շինարարական աշխատանքների, մասնավորապես՝ նոր մասնաշենքի կառուցման համար արդեն ներդրել է 2 մլն ամերիկյան դոլար: Նշենք, որ «Լյուբավա-Արմենիա»-ն («Lubawa Armenia») ստեղծվել է 2013-ի մարտի 27-ին լեհական Lubawa ընկերության և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի արդյունքում: Ընդ որում, «Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է լեհական կողմին, 49 տոկոսը՝ հայկական: Ինչ վերաբերում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանին, ապա դրա 80 տոկոսը ՀՀ պետական սեփականություն է, որի տնօրինումը վստահված է պաշտպանության նախարարությանը: 2013-ի ապրիլի 30-ին հայ-լեհական ընկերության հիմնադիրներից «Lubawa» ընկերությունը ներկայացրել է իր արտադրանքը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին: Արտադրանքի մեջ եղել են քողարկման ցանցեր, բալիստիկ պաշտպանության միջոցներ ու վրաններ: Իսկ արդեն 2013-ի դեկտեմբերին հայ-լեհական ընկերությունն իր առաջին պայմանագիրն է կնքել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է Հայաստանի զինված ուժերին տրամադրել քողարկման ցանցերի 80 համալիր՝ յուրաքանչյուրում 6×3քմ մակերեսով 12 ցանցեր: Նախատեսվածի համաձայն՝ պայմանագիրը պետք է կատարված լինի 2014-ի առաջին եռամսյակի ընթացքում: Պայմանագիրն արժեցել է շուրջ 1 մլն ամերիկյան դոլար: 2014-ի մայիսին էլ «Լյուբավա-Արմենիա»-ն հիմնադիր լեհական Lubawa ընկերության հետ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է կայացած KADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Հայ-լեհական ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է բալիստիկ պաշտպանության, նյութատեխնիկական ապահովման, քողարկման միջոցներ, վրաններ, զինծառայողների հանդերձավորման օրինակներ: «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման ցանցերի (87 տոկոս), սպառազինությունների, օրինակ՝ Տ-72 տանկերի մանրակերտերի (10 տոկոս) և բանակային վրանների (3 տոկոս) արտադրմամբ: Դրանք հիմնականում նախատեսված են հայկական զինուժի և Հայաստանի ուժային կառույցների կարիքները բավարարելու համար, Ապագայում ընկերությունը ծրագրում է ռազմական նշանակության այլ պարագաներ ևս արտադրել, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Աղբյուրը: http://razm.info/46560 | |
Դիտումներ: 940 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |