Գլխավոր էջ » Հոդվածներ » Համագործակցություն |
Լեհաստանի դեսպան. ՀՀ-ԵՄ փաստաթուղթը կարող է համաձայնեցվել Ռիգայից առաջ
Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցել է երկու երկրների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդման տեսլականի ու մի շարք այլ հարցերի շուրջ։ Արդեն 2 ամիս է, Դուք Հայաստանում եք։ Ի՞նչ կարծիք ունեք մեր երկրի մասին։ Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում եւ նրա մայրաքաղաքում։ Իրականում ես այստեղ եմ ոչ թե 2 ամիս, այլ մի քանի շաբաթ, քանի որ Ռիգայից ժամանել էի դեկտեմբերի սկզբին, սակայն մեկ շաբաթ անց արձակուրդ էի գնացել։ Ես Հայաստան վերադարձա հունվարի 20-ին եւ իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահին։ Իհարկե մեր նախագահն է որոշում, թե ուր ուղարկել երկրի դեսպաններին, բայց անկեղծ ասած, Հայաստանն իմ անձնական ընտրությունն էր։ Իմ կարծիքով՝ Հայաստանը տարածաշրջանի ամենահետաքրքիր երկրներից մեկն է։ Իմ կարծիքով այդ հետաքրքրությունը նրանում է, որ երկիրը գտնվում է 3 քաղաքակրթությունների խաչմերուկում։ Մի կողմից հնագույն քրիստոնեական արեւմտյան քաղաքակրթությունն է, մյուս կողմից՝ այդ քաղաքակրթությունը շատ մոտ է Մերձավոր Արեւելքին, եւ վերջապես մարդկանց մտածելակերպի վրա շատ մեծ ազդեցություն է թողել խորհրդային համակարգը։ Ես կրթությամբ պատմաբան եմ, եւ իմ առաջին մասնագիտության տեսանկյունից Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է։ Երկրորդ՝ Լեհաստանի համար Հայաստանը տարիներ շարունակ շատ կարեւոր գործընկեր է եղել։ Եւ ոչ միայն այն պատճառով, որ Լեհաստանում 500 տարուց ավել գործում է հայկական համայնք, այլ նաեւ այն պատճառով, որ մեր երկրները միշտ լավ հարաբերություններ են ունեցել։ Եւ ի վերջո Հայաստանը այս պահին ներգրավված է ժամանակակից աշխարհում ընթացող բազմաթիվ, հաճախ բարդ քաղաքական գործընթացների մեջ։ Մի կողմից ղարաբաղյան հակամարտության հարցն է, մյուս կողմից՝ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հետ մերձեցման գործընթացները։ Ես Լեհաստանում բնակվող շատ հայ ընկերներ ունեմ։ Իմ կինը ֆիլմ էր նկարահանել Լեհաստանում հաստատված առաջին հայ համայնքի մասին։ Եւ այդպես՝ ես եկա այստեղ աշխատելու։ Ի՞նչ քայլեր է հնարավոր եւ անհրաժեշտ ձեռնարկել Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հարաբերությունների խորացման համար։ Կարծում եմ, կան որոշ հարթակներ, որտեղ հնարավոր է խորացնել հայ-լեհական հարաբերությունները։ Անկեղծ ասած՝ մյուս ոլորտներում հարաբերությունների խորացման հիմքը, ըստ իս, տնտեսական համագործակցությունն է։ Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 50 մլն դոլար, եւ ես կարծում եմ, որ դա շատ քիչ է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին, ոչ հեռու ապագայում այդ ցուցանիշը կարող է մի քանի անգամ աճել։ Ինձ համար մեծ խթան էր լեհական ձեռնարկության բացումը։ Խոսքը «Լյուբավա» ընկերության մասին է։ Հատկանշական է, որ ներդրումները կատարվելու են պաշտպանական ոլորտում։ Ինչպես նշել է մեր քաղաքական գործիչներից մեկը, ռազմական ոլորտում համագործակցությունը վկայում է ոչ միայն բարիդրացիական հարաբերությունների մասին, դա նաեւ փոխադարձ վստահության գրավականն է։ Մյուս լեհ ներդրողները ուշադիր հետեւում են «Լուբավայի» հաջողություններին եւ ձեռքբերումներին։ Սա Հայաստանում առաջին խոշոր լեհական ներդրումն էր, որին կարող են հաջորդել ուրիշները։ Ես գրեթե ամեն օր հաղորդագրություններ եմ ստանում շահագրգռված լեհ ներդրողներից, որոնք հետաքրքրված են հայ գործընկերների հետ համագործակցության հեռանկարներով, քանի որ նրանք նաեւ մտածում են Հայաստանի միջոցով երրորդ աշխարհի շուկա դուրս գալու մասին։ Պետք նշեմ, որ պլանավորվում է Յագելոնի համալսարանում հայագիտության ամբիոն բացել։ Շատերը հետաքրքրված են հայկական մշակույթի, պատմության եւ ավանդույթների ուսումնասիրությամբ։ Լեհաստանում կան խաչքարեր, հին հայկական ձեռագրեր։ Այդ ամենը վկայում է Լեհաստանում հայերի ներկայության մասին։ Վերջերս ես ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ քննարկել եմ լեհաստանում կրթության հնարավորություն ստացող ուսանողների քանակն ավելացնելու հարցը։ Ես լիահույս եմ, որ Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում կհաջողվի մշակել Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության նոր ծրագիր։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մի մասն է եւ հնարավորինս պետք է մոտ լինի Եվրոպային։ Այդ պատճառով Լեհաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը պահպանի եվրոպական ուղղվածությունը, իսկ մենք մեր հերթին կանենք ամեն բան, որպեսզի Հայաստանը պահպանի այդ դիրքորոշումը նաեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելուց հետո։ Մոտ ժամանակներս սպասվո՞ւմ են բարձր մակարդակի այցելություններ: Ամենայն հավանականությամբ, այո, քանի որ այս պահին դեռեւս չի կայացել Լեհաստանի նախագահի այցը Հայաստան: Այսինքն մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Սակայն հիմա մեր երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ է ընթանում: Քաղաքական գործիչները զբաղված են այդ գործընթացներով, բայց մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի բարձր մակարդակի երկկողմ այցելություններ կազմակերպել: Բացի այդ, պետք է ասեմ, որ մոտ ժամանակներս կարող են նախարարների հանդիպումներ կազմակերպվել: Առաջիկա երեք ամիսներին հնարավոր է նմանատիպ երկու այց եւ այդ հանդիպումները ինտենսիվ բնույթ կկրեն: Մեր գյուղատնտեսության նախարարը իր հայ գործընկերոջը Լեհաստան է հրավիրել: Այնտեղ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ցուցահանդեսներ կլինեն: Դրա շրջանակներում կարող են սերտ կապեր հաստատվել հետագա համագործակցության ընդլայնման եւ երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար: Հնարավոր է նաեւ հանդիպում Հայաստանի ու Լեհաստանի արդարադատության նախարարների միջեւ: Դա, կարելի է ասել, հեռանկարային ու իրատեսական է, այսինքն իրավական հարցերը կարգավորելու մեծ հնարավորություն է ստեղծվում: Երեւանում տեղի կունենա նաեւ եվրոպական երկրների կրթության եւ գիտության նախարարների հանդիպումը, որի շրջանակներում Հայաստանում ներկա կլինեն նաեւ Լեհաստանի ներկայացուցիչները: -Մայիսին Ռիգայում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը: Կհաջողվի՞ արդյոք համաձայնեցնել որեւէ փաստաթուղթ, որը կսահմանի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հետագա համագործակցության իրավական շրջանակները: Ինչպիսի՞ն են նման փաստաթղթի ստորագրման հեռանկարները: Եթե խոսքը «Արեւելյան գործընկերության» մասին է, ապա ԵՄ-ն ծրագիր ունի երկրների հետ առանձին համագործակցության համար եւ դրանց ձեւաչափերը տարբեր են: Այստեղ խոսքը երկու տարբեր ինտեգրացիոն համակարգերի համագործակցության մասին չէ, այլ ամեն մի երկրի հետ առանձին ձեւաչափ է մշակվում: «Արեւելյան գործընկերության» ծրագիրը կոնկրետ ուղղված է 6 անդամ երկրների: Ռիգայում մեր գործընկերների հետ կխոսենք համագործակցության տարբեր ձեւաչափերի մասին, կան տարբեր պլաններ՝ կախված կոնկրետ երկրից: Երեք երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եւ ցանկություն են հայտնել հետագայում դառնալ ԵՄ անդամ: Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել համագործակցել ԵՄ-ի հետ մի քանի ոլորտներում: Բելառուսը դեռեւս տատանվում է, թե համագործակցության որ ձեւաչափն է իրեն հարմար, դեռեւս համագործակցության ձեւերի վերաբերյալ հստակ ցանկություն չկա: Իսկ Հայաստանը ԵՄՏ-ին իր անդամակցության համատեքստում ցանկություն է հայտնել խորացնել համագործակցությունը նախ քաղաքական ոլորտում: Ռիգայում մենք այդ 6 երկրներից յուրաքանչյուրի հետ կխոսենք համագործակցության տարբեր ձեւաչափերով: «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը Ռիգայում ոչ մի կապ չունի ԵՏՄ-ի հետ: ԵՏՄ-ն չի կարելի համեմատել կամ համադրել ԵՄ-ի հետ, քանի որ դրանք տարբեր համակարգեր են: ԵՄ-ն բավական հարուստ փորձ ունի, բացի այդ, արդեն ձեւավորվել է ներքին օրենսդրություն, ուստի չի կարելի համեմատել կամ զուգահեռներ անցկացնել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ: ԵՄ երկրների ղեկավարներից է կախված որոշումը՝ կխոսե՞ն նրանք ԵՏՄ երկրների հետ որպես ինտեգրացիոն համակարգի անդամների, թե պարզապես նրանց հետ առանձին-առանձին կհարաբերվեն: Բայց ես վստահ եմ, որ այդ հարցը չի ծագի գագաթաժողովի նախաշեմին, չի լինի ԵՄ անդամ երկրների ղեկավարների օրակարգում: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, մենք հույս ունենք, կհաջողվի համաձայնության հասնել նոր ձեւաչափի փաստաթղթի շուրջ նախքան Ռիգայի գագաթաժողովը, որովհետեւ Հայաստանը «Արեւելյան գործընկերության» գործընկեր է: -Ձեր կարծիքով, այդ փաստաթուղթն ի՞նչ ոլորտներ կարող է ներառել: Եթե խոսքը ասոցացման համաձայնագրի մասին է, ապա դրա տեքստը եւ բովանդակությունը հայտնի են: Այն վերաբերում է հիմնականում քաղաքական ու հասարակական ոլորտներին, այսինքն հասարակական ու քաղաքական դաշտը պետք է համապատասխանեցվի եվրոպականին: Մարդու իրավունքները, հասարակական կազմակերպությունների գործունեությունը, իրավական համակարգերի փոփոխությունները, այսինքն օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպականին: Մենք գիտենք, որ Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է երկու մասից՝ քաղաքական ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրից (DCFTA): ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո բաց է մնում քաղաքական համագործակցությունը, եւ արդեն դրա շրջանակներում անհրաժեշտ է բանակցություններ վարել: Երկու կողմերից հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ, որ մերձեցումը հնարավոր է: 2015 թվականի հունիսին Լեհաստանի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2015 թվականին լրանում է այդ մեծ ողբերգության 100-րդ տարելիցը, եւ Երեւանում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու: Հայտնի՞ է, ինչ մակարդակով է Լեհաստանը մասնակցելու դրանց: Առայժմ հայտնի չէ, թե ինչ մակարդակով, սակայն Լեհաստանը միանշանակ ներկայացված կլինի այդ միջոցառումներին: Գրեթե հաստատ է, որ Լեհաստանը չի ներկայացվի նախագահի մակարդակով, քանի որ միջոցառումներից երկու շաբաթ անց մեր երկրում նախագահական ընտրություններ են: Իհարկե, առայժմ պաշտոնական որոշում չկա, բայց այդ մասին կարելի է ենթադրել՝ ելնելով երկրում տեղի ունեցող գործընթացներից: Ես հարցրեցի մեր նախագահին, սակայն նա դիվանագիտորեն պատասխանեց, որ Երեւանում տեղի ունեցող միջոցառումներին շատ դժվար կլինի ներկա գտնվել Լեհաստանում անցկացվող նախընտրական քարոզարշավի պատճառով: Լեհական կողմից վերջնական որոշում չկա այն մասին, թե ով է ներկայացնելու երկիրը: Եվ, հաշվի առնելով նախընտրական օրակարգը, այդ որոշումը բավական ուշ կկայացվի: Դուք, հավանաբար, ծանոթ եք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությանն ադրբեջանական դիվերսանտների մասին, որոնք Լեռնային Ղարաբաղում անչափահասի են սպանել: Նրա խոսքով, «իհարկե, դա սարսափելի հանցագործություն է», սակայն ամերիկյան դիվանագետը հայկական կողմին կոչ է անում համապատասխան մարդասիրական քայլ կատարել եւ վերադարձնել դիվերսանտներին: Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ: Ես, իհարկե, չէի ցանկանա մանրամասների անդրադառնալ, ինչպես տիկին Նուլանդը. նա եղել է Բաքվում, Թբիլիսիում: Ես ինքս չեմ եղել: Պետք է նշեմ միայն, որ միջազգային հանրության բարոյական պարտքն է՝ դատապարտել նման դեպքերը, առավել եւս, երբ հակամարտության ընթացքում երեխաներ են զոհվում: Մենք պետք է ձգտենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով եւ վերջնականապես: Ցավոք, միջազգային հանրության ուշադրությունն այսօր կենտրոնակացած է այլ խնդիրների ուղղությամբ. ուկրաինական ճգնաժամ, Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» պատերազմ: Այդ խնդիրներն աշխարհին ավելի են մտահոգում, քան ղարաբաղյան հակամարտությունը: Բայց այս ամենը մեզ չի ազատում հակամարտությունը խաղաղ ուղիով լուծելու պարտականությունից: Այս հակամարտությունը չպետք է կասեցնի տարածաշրջանի զարգացման գործընթացները, առավել եւս՝ չպետք է զոհեր լինեն: Փետրվարի 13-ին Դուք հանդիպեցիք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ մի շարք հարցեր քննարկեցիք: Ի՞նչ մակարդակով է դիվանագիտական առաքելությունը համագործակցում Հայաստանի քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ընդդիմության հետ: Ես ամբողջությամբ անկեղծ կլինեմ. ներկայում իմ խնդիրն է հանդիպել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների, նախարարների, իմ գործընկեր դիվանագետների հետ, այդ թվում՝ ընդդիմադիր: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումն ընդամենը իմ օրակարգի հանդիպումներից մեկն էր: Իմ պարտականությունն է նաեւ հանդիպումներ անցկացնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ: Եվ հիմա ես այն վիճակում եմ, երբ, առաջին հերթին, հարցեր եմ ուղղում իմ զրուցակիցներին: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղեցի հարցեր, որոնք կապված չեն ներքաղաքական կյանքի հետ, այլ հակառակը, վերաբերում էին արտաքին քաղաքականությանը: Ընդհանրապես, դեսպանը պետք է տեղեկացված լինի ներքաղաքական խնդիրների շուրջ, բայց լռի դրանց մասին: Բայց դա չի նշանակում, որ նա պետք է ներգրավվի ներքաղաքական խնդիրներում: Եթե ես ցանկանայի հրաժարվել դիվանագիտությունից եւ փորձեի ինձ վրա փորձագետի դեր վերցնել, նույնիսկ այդ դեպքում ինձ համար դժվար կլիներ գնահատականներ տալ՝ ոչ բավարար չափով տեղեկացվածության պատճառով: Ես առնվազն եւս 100 հանդիպում պետք է ունենամ պետական գործիչների, դիվանագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանամ Հայաստանի մասին ընդհանուր պատկերացում կազմել: Հայաստանը հիասքանչ է նրանով, որ դժվար երկիր է բոլոր տեսանկյուններից: Հայաստանը բարդ պատմություն է ունեցել: Եվ հիմա դժվարին է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը: Իսկ որեւէ մշակութային միջոցառումներ նախանշվա՞ծ են: Այո, մեզ մոտ որոշակի միջոցառումներ են նախանշված՝ կապված Հայաստանում Եվրոպայի օրերի հետ: Անկեղծորեն ասեմ, ես կցանկանայի Երեւանում ցուցադրել Թեոդոր Աքսենտովիչի մասին կնոջս ֆիլմը: Այն շատ հետաքրքիր է, քանի որ Աքսենտովիչն այն մարդն է, որը Եվրոպան եւ Հայաստանը միավորել է որպես գեղանկարիչ, արտիստ: Տարվա առաջին կեսին, երբ կժամանի Քշիշտոֆ Պենդերեցկին, լեհական ֆիլմեր կցուցադրվեն: Բայց նախ ցանկանում եմ հասնել նրան, որ երեւանյան կինոթատրոններում ցուցադրվի «Իդա» ֆիլմը, ինչպես նաեւ լեհական այլ ժապավեններ: Ինձ թվում է, որ կոմունիստական համակարգից ելքը նման է լեհերի եւ հայերի համար, եւ լեհական կինոյի այդ նոր ալիքը Հայաստանում շատերին կարող է հետաքրքել: Կցանկանայի հենց Հայաստանում ցուցադրել օրորոցների հավաքածուն, որոնք պահպանվել են 200 տարվա ընթացքում եւ հավաքվել մեկ տեղում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնեությունը կարեւոր տեղ է զբաղեցնում հայերի եւ Հայաստանի կյանքում, կարծում եմ, որ հավաքածուի ներկայացումը հարազատ եւ ինչ-որ առումով նաեւ հետաքրքիր կլինի յուրաքանչյուր հայի համար: Գիտեմ նաեւ, որ Լեհաստանում պետք է հանդիպեն թատերարվեստի ներկայացուցիչները: Եվ հույս ունեմ, որ այս տարի մեզ կհաջողվի հայ-լեհական համատեղ որեւէ ներկայացում բեմադրել: Զրուցեց՝ Տաթեւիկ Ղազարյանը Լուրեր Հայաստանից - NEWS.am Աղբյուրը: http://news.am/arm/news/256388.html | |
Դիտումներ: 1024 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |